Մահափորձեր, որոնք պիտի փոխեին աշխարհը․ Շառլ դը Գոլ

Հարձակում գեներալի վրա

Մահափորձերից շատերը միևնույն նպատակն են հետապնդել՝ վերացնել պետության ղեկավարին և հասնել քաղաքական հեղաշրջման։
Ֆրանսիայի հանրապետության նախագահ Շառլ դը Գոլի դեմ կատարված հարձակումները բացառություն են եղել։ Գեներալի վրա հիմնականում հարձակվել են գաղտնի բանակի ներկայացուցիչները (Գաղտնի բանակի կազմակերպություն-Օրգանիզասյոն դը լ Արմե Սեկրետ), փորձելով վրեժ լուծել Ալժիրում պատերազմը դադարեցնելու համար։

Շառլ դը Գոլը Ֆրանսիայի ազգային հերոսներից էր։ Շա­տերը սիրում էին գեներալին, բայց ոմանք ատելությամբ էին լցված նրա հանդեպ։ Դը Գոլի հակառակորդները շատ էին հատկապես մարշալ Անրի Ֆիլիպ Պետենի կողմնակիցների շար­քերում (թշնամու հետ գործակցող Պետենը պատերազմից հե­տո դատապարտվել էր մահվան, սակայն մարշալը ներում էր խնդրել և գնդակահարվելու փոխարեն դարձել ցմահ աքսորա­կան)։ Այդուհանդերձ, պետենականները հիշաչար էին։

1958 թվականի հունիսի չորսին Ալժիրի կենտրոնական հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Ելույթ էր ունենում Շառլ դը Գոլը, խոսելով երկրի աոջև ծառացած խնդիրների և ֆրանսիական կառավարության դիրքորոշման մասին։ Բնակարաններից մեկում, պատուհանի մոտ, դարան էր մտել մի հրաձիգ։ Նշանառուն հիսուն տարե­կան էր, հնօրյա ապրանքների մեծ խանութ ուներ։ Երդվյալ ֆաշիստ էր, վաղուց ի վեր արժեզրկված մարշալ Պետենի կույր հետևորդը։ Ուզում էր մեկընդմիշտ հաշիվները մաքրել գեներալ դը Գոլի հետ։ Գեներալը շարունակում էր խոսել, հրաձիգը լսում էր նրան։ Դը Գոլի փաստարկները համոզիչ էին։ Պետենական ահաբեկիչը ցած իջեցրեց հրացանի փողը և մի կողմ շպրտեց փամփշտակալը։ Հետագայում նման «ձախողումներ» ևս եղան:

Անդրե Օրսոնին փորձառու մարտիկ էր։ Մասնակցել էր Հնդկաչինի պատերազմին, իսկ 1960 թվականից ղեկավարում էր «Ազգային հեղափոխական խորհուրդ» հորջորջված ահաբեկչական խումբը: Որոշել էին Շառլ դե Գոլին առևանգել հենց Ելիսեյան պալատից։ Օրսոնին գործողությունը խնամքով նախապատրաստել էր, ոստիկանության սպաների շարքում յուրայիններ ուներ, պալատին մոտիկ զորանոցներում 220 զինվոր սպասում էր համապատասխան կարգադրության։ Երևի հենց այն պատճառով, որ ծրագրին ծա­նոթ էին մեծ թվով մարդիկ, դավադրությունը բացահայտվեց։ 

1960 թվականի դեկտեմբերին Շառլ դը Գոլի այցելեց Ալժիր։ Ֆրանսիական գաղտնի ոստիկանությունը տեղեկացել էր, որ նրա դեմ մահափորձ է նախապատրաստվում։ Հետագայում նույնիսկ հաջողվեց պարզել, որ դավադիրները գոր­ծելու են Օրլենասվիլի մոտերքում։ Դը Գոլին պիտի սպաներ դավաճան Իլեր Ժերոնիմոն՝ գեներալի թիկնապահներից մեկը։ Վերջինս սպասում էր կենտրոնի հրահանգին։ Կենտրոնը լռում էր։ Ստիպված ինքը գնաց փոստ ու փորձեց հեռախոսով պարզել անելիքը։ Ասացին, որ առայժմ ոչինչ պետք չէ ձեռնարկել, որովհետև դը Գոլը խոստանում է Ալժիրը թողնել ֆրանսիացիների տնօրինությանը։ Մահափորձը, փաստորեն, չի­րականացավ, սակայն ֆրանսիական ոստիկանությունն ու գեներալի թիկնապահներն արդեն գիտեին, որ Շառլ դը Գոլը չի կարող վստահել նույնիսկ նրանց, ովքեր կոչված են ապա­հովելու նրա անվտանգությունը։

Դրանից մեկ օր հետո, երբ դը Գոլը ելույթ էր ունենում Բլիդայի զորամիավորումների սպայական հավաքում, Քրիստիան անունով մի օդաչու սպորտային փոքրիկ ինքնաթիռում նստած սպասում էր, որպեսզի ճապոնական կամիկաձեների օրինակով իր ինքնաթիռն ուղղի գեներալի ուղղաթիռի վրա։ Մահափորձը ձախողվեց։ Երբ գեներալի ուղղաթիռը օդ բարձրացավ, նրան շրջապատեցին մի քանի նման ուղղաթիռներ, որոնցով թռչում էին դը Գոլի շքախմբի անդամներն ու թիկնապահ­ները։ Ինքնազոհ երիտասարդը շփոթվեց, չգիտեր, թե որ ուղղաթիռում է դը Գոլը։ Քրիստիանը ստիպված հրաժարվեց իր մտադրությունից։

Հաջորդ օր՝ 1960 թվականի դեկտեմբերի 11-ին, գեներալին սպանելու գնաց լեյտենանտ Դելոմը՝ Հնդկաչինի պատերազմի հերոսներից մեկը։ Դելոմը պիտի մասնակցեր Ռեժե ռազմական հենակետում կայանալիք զորահանդեսին։ Զորանոցի ճանապարհին հանդիպեց արաբ ցուցարաներին: Բանը հասավ ծեծկռտուքի և Դելոմն ուշացավ զորահանդեսից: 

1961 թվականի ամռանը ֆրանսիական բանակի երբեմնի մի ծառայող անհայտ տեղում հանդիպեց Ալժիրում ձախողված ապստամբության կազմակերպիչներին և առաջարկեց իրեն վստահել դը Գոլին սպանելու գործը: Վարկաբեկված սպաները «ինքնազոհ հայրենասերին» խոստացան քառասուն միլիոն հին ֆրանկ: Կանխավճարն ստա­նալուն պես (20 միլիոն) նա չքվեց: Սպաներն էլ երբեք նրան չհանդիպեցին։

Ֆրանսիան հոգնել էր պատերազմներից․ Երկրորդ հա­մաշխարհային պատերազմ, Մերձավոր Արևելքի , Հնդկաչինի և Սուեզի պատերազմներ։ Ֆրանսիացիներն ատում էին պատերազմը։ Թեկուզ այն պատճառով, որ հաջողություն չէին ունենում։ Ֆրանսիացիները չէին մոռանում Թինֆուեի պատ­մական դասերը (05․06․1954 թ)։ Ալժիրում սկսվեց մահմեդա­կանների արյունահեղ ապստամբությունը։ Գաղութատիրու­թյան դեմ մղվող պայքարն ավարտվեց 1963 թվականի հուլիսի 3-ին, Էվիանում կնքված հաշտության դաշնագրով։ Ալժիրն անկախություն ձեռք բերեց:

Գաղտնի բանակը, սակայն, վճռեց շարունակել պայքարը։ Ահաբեկչական կազմակերպության ղեկավարները փորձում էին կասեցնել պատմության ընթացքը։ Առանց իրենց հաշիվ տալու հետադիմականները շարունակում էին անիմաստ սպանություններն ու վնասարարությունը։ Ալժիր և Օրան քաղաքներում պայթեցին տասնյակ ռումբեր։ Հետևա՞նքը։ Հարյուրավոր անմեղ զոհեր, Ալժիրի համալսարանական գրա­դարանում ոչնչացան վեց հարյուր հազար գիրք։ Հետո ահաբեկիչները ստիպված անձնատուր եղան։ Նրանց հաղթողը Շառլ դը Գոլն էր, այդ պատճառով էլ ջանում էին վրեժ լուծել նրանից:

Փոխգնդապետ Ժան-Մարի Բաստիեն-Տիրին ԳԲԿ-ի ահաբեկչական այն ջոկատի հրամանատարն էր, որը 1961 թվականի սեպտեմբերի 5-ին փորձեց մահափորձ կատարել Շառլ դը Գոլի դեմ։ Ահաբեկիչները գործողության վայր էին ընտրել պետական մայրուղին: Սենայի կամրջից քիչ այն կողմ։ Պարզել էին, որ նախագահի շարասյունն անցնելու է այդ ճանապարհով։

Նախապատրաստված ռումբն ու պայթեցնող սարքը թաքցրեցին ճանապարհի եզրին կուտակված ավազաթմբի մեջ (նոր էր ավարտվել մայրուղու վերանորոգումը)։

Գործողության գլխավոր դերակատարը Մարտիել դը Վիլեմանդին էր, ով, սակայն, վատ խաղաց իր դերը։ Նստած էր ականապատ ավազաթմբից քիչ հեռու գտնվող սրճարանում, որտեղից էլ պիտի պայթեցներ ռումբը։ Մյուս դավադիրներր Բաստիեն-Տիրիի հետ միասին անվտանգ թաքստոցում սպասում էին պայթյունին։ Ւզուր։ Մարտիել դը Վիլեմանդին պայթեցնող սարքի կոճակը չսեղմեց։ Վերջին պահին արթնացել էր խիղճը։

Հաջորդ օրերին երկչոտ ահաբեկիչը վերադաստիարակվեց։ Փոխգնդապետ Բաստիեն-Տիրին երիտասարդին համոզեց, որ պրեզիդենտ դը Գոլին սպանելը նրա հայրենասիրական պարտքն է։ Երեք օր հետո, սեպտեմբերի 8-ին, երեկոյան ինն անց երեսունին Մարտիել դը Վիլեմանդին սեղմեց պայթեցուցիչի կոճակը։

Ճիշտ այն պահին, երբ նախագահի ավտոմեքենան անցնում էր ավազաթմբի մոտով, ռումբը պայթեց։ Ահաբեկիչները այս անգամ էլ հուսախաբ եղան։ Պայթյունը թույլ էր: Օդ բարձրացավ ավազի փոշին, նախագահի ավտոմեքենայի առաջը կտրեց հրե վարագույրը։

Ֆրանսուա Մարուն փորձառու վարորդ էր։ Սեղմեց արագության ոտնակն ու սլացավ առաջ։ Հետևում նստած էին գեներալ դը Գոլն ու նրա կինը, վարորդի կողքին՝ համհարզ Տեսերը։ Ոչ մեկը խուճապի չէր մատնվել։ Քիչ հետո նախագահի «Սիտրոյենն» ու նրան ուղեկցող մեքենաները մոտեցան Ռոմիլի կայազորի դարպասներին։ Վարորդը փոխեց վնասված ավտոմեքենան, և նախագահի շարասյունը շարունակեց ճանապարհը։

Փոխգնդապետ Բասաիեն-Տիրին անփորձ մարդ չէր և մահափորձ կազմակերպելիս ամեն ինչ հաշվի էր առել։ Ելիսեյան պալատում լրտեսներ ուներ, գաղտնի գործակալները ճանապարհին հետևում էին շարասյանը և զեկուցում, թե որտեղով է անցնում նախագահի մեքենան։ Ամեն ինչ կարգին էր, բայց ռումբը հուսախաբ արեց: Բռնկվել էր միայն դոնդողը։ Պայթուցիկը խանձվել էր։

Հետագայում Բաստիեն-Տիրին պարզեր, որ պայթուցիկը չափազանց հին է եղել (դիմադրական շարժման ջոկատներից մեկի թաքուն պաշարներից)։ Պայթուցիկը ահաբեկիչներին էր տվել գնդապետ Ֆուրկոն, ով թեև ԳԲԿ-ի անդամ էր, բայց նաև դը Գոլի երբեմնի մարտական ընկերը, նրա մտերիմն ու օգնականը։ Գնդապետը սկզբունքորեն չէր ընդունում նախագահին սպանելու գաղափարը։ Բացառված չէ, ուրեմն, որ դիտմամբ ժամկետանց պայթուցիկ էր տվել ահաբեկիչներին:



Թիկնապահները անհիշելի ժամանակներից դժկամությամբ են կատարում իրենց հանձնարարված գործը։ Դը Գոլի պա­հապանների կյանքը, իսկապես, հեշտ չէր: Գեներալը ճանաչ­ված ու նախանձելի անձնավորություն էր։ Հասակը 195 սան­տիմետր էր։ Արտահայտիչ կիսադեմով նրա գլուխը միշտ ավելի բարձր էր, քան շրջապատողներինը և հրաձիգների համար կարող էր հրաշալի թիրախ լինել։ Նախագահը պարզ ու բարեհոգի մարդ էր։ Նա շատ հաճախ անսպասելիորեն դուրս էր գալիս փողոց և առանց թիկնապահների հսկողության զբոսնում։ Նա բարեհոգի ժպիտով պատասխանում էր ողջույն­ներին, կանգ էր առնում, զրուցում անցորդների հետ, ձեռքով բարևում կամ հրաժեշտ տալիս նրանց։ Որոշակի երթուղին և կրկնվող ուղևորությունները (հանգստյան օրերին նախագահը մեկնում էր գյուղ) հաջողության հասնելու մեծ հնա­րավորություններ էին տալիս ահաբեկիչներին, իսկ դը Գոլի թիկնապահները գիտեին այդ մասին։

Գյուղ տանող ճանապարհին տեղի ունեցած դեպքից հեստ թիկնապահները ջանացին անվտանգության ավելի խիստ կարգ սահմանել։ Գեներալը, սակայն, ընդդիմացավ։ Բացի վարորդ Մ արուից ոչ մի թիկնապահ չպիտի լինի իր մեքե­նայում։ Մյուսները թող նստեն ուղեկցող ավտոմեքենաներում:

Որպեսզի շարասյունը աչք չծակի, գաղտնի ոստիկանները նախագահին արդեն ուղեկցում էին արտասահմանյան տարբերանշաններ ունեցող սպորտային ավտոմեքենաներով: Դը Գոլի նմանակը պրեզիդենտական սև «Սիտրոյենով» հավանական ահաբեկիչներին իր հետևից տանում էր ուրիշ ուզղոաթյամբ: Պրեզիդենտի մշտական երթուղին ապահովվեց բարձրորակ բժիշկների շարժունակ ջոկատներով, մոտակա հիվանդանոցներում ավելացրին արյան պաշարները։ Անզիջում գեներալը մասնակիորեն ընդունեց սեփական անվտանգության ապահովման նոր կարգը․ առաջիկայում գյուղ տանող ճանապարհի մի մասն անցնելու էր ինքնաթիռով, իսկ մնացած մասը՝ ավտոմեքենայով։ Ֆրանսիական ոստիկանությունը տեղեկացել էր, որ ահաբեկիչները չեն հրաժարվել դը Գոլին սպանելու մտադրությունից և ուզում են անպայման վրեժ լուծել Ալժիրի համար:



«Պըտի Կլամար» գործողությունը ղեկավարում էր գնդապետ Արգուն։ Նախկին սպաներն այս հարձակմանը նախապատրաստվել էին աննախադեպ ջանասիրությամբ: 

1962 թվականի օգոստոսի 22-ին Փարիզում շոգ էր: Ելիսեյան պալատում կառավարության նիստն էր, որն անսպասելիորեն ձգվեց մինչև երեկո։ Տասնվեց մինիստրների վարորդները անհամբերությամբ սպասում էին։ Արդեն յոթն անց կես էր, երբ ապակե դռներից դուրս ելավ տոնական զգեստ հագած սպասվորն ու հայտնեց, որ նիստն ավարտվել է:

Մինիստրները տեղավորվեցին իրենց ավտոմեքենաներում։ Երկաթե դարպասները բացվեցին։ Բակում մնաց երկու ավտոմեքենա՝ պրեզիդենտի և շքախմբի սև «Սիտրոյենները»։ Ֆրանսուա Մարուն միացրեց շարժիչը։ Մարուն ճշտապահ, բարեկիրթ ու վստահելի վարորդ էր: Դը Գոլը նրան ընտրել էր սպայական վարժաճամբարում։

Նախագահ Շառլ դը Գոլը տիկնոջ և փեսայի՝ գնդապետ Ալեն դը Բուասիի հետ տեղավորվեց ավտոմեքենայում: Երկրորդ ավտոմեքենայում տեղեր գրավեցին նախագահի թիկնապահները՝ հաղթանդամ Անրի Դուդեն և թիկնապահ ջոկատի հրամանատարը՝ Ժան Դյուկրեն։ Ավտոմեքենաները դուրս ելան բակից: Առաջապահ ոստիկանները, ծանր մոտոցիկլետին նստած ընթանում էին նախապես ճշգրտված երթուղով։

Հետագայում, դեպքերի ընթացքը վերականգնելիս պարզվեց, որ շարասունն անցել է Ալեքսանդր Երրորդի և Գեներալ Գալիենի պողոտայով, հասել Հաշմանդամների փողոց: Մինչև այստեղ ավտոմեքենաներին հետևել է փոքրիկ մոտոցիկլին նստած մի երիտասարդ։ Հաշմանդամների փողոցում կանգ է առել, վազել մոտակա հեռախոսախցիկը և սկսել է համար հավաքել։ Զանգին սպասող գործակիցներին նա հաղորդել է, որ շարասյունը գնում է երկրորդ երթուղով։

Լրտեսի հաղորդումն ընդունեց փոխգնդապետ Բաստիեն-Տիրին, ով սպասում էր Մոդոնյուի խորտկարանում։ Նա գործողության վայր էր ընտրել Ազատության պողոտայի ուղիղ ու երկար հատվածը՝ Պըտի Կլամարի խաչմերուկին չհասած: Լավ նախապատրաստված հարվածային ջոկատը սպասում էր։ Բաստիեն-Տիրին իրեն տեղակալ էր ընտրել լեյտենանտ Ալեն Բուգրենե դը լա Տոկանայեին։ Վերջինս տոհմիկ ազնվական էր, առաջադիմության երդվյալ հակառակորդ։

Փոխգնդապետ Բաստիեն-Տիրին՝ ֆրանսիական ռազմաօդային ուժերի լավագույն սպաներից մեկը, գործողությունն իրականացնելու համար ընտրել էր ԳԲԿ-ի վստահելի անդամներից տասնհինգին։ Սրանք դարան էին մտել մայրուղու երկու կողմերում։ Մտադիր էին կանգնեցնել ավտոմեքենան, առևանգել նախագահին և հանձնել իրենց ստեղծած զինվորական դատարանի տնօրինությանը։ Դարան մտած առևանգիչներից մեկը, սակայն, Վատենը, որոշել էր անպայման կրակել։

Փոխգնդապետ Բաստիեն-Տիրին վտանգավոր հակառակորդ էր։ Գործողության ղեկավարին՝ գնդապետ Արգուին, ճանաչում էր ուսանողական տարիներից։ Որպես շտաբի սպա ծառայում էր ռազմաօդային ուժերի մինիստրությունում, օրինակելի ընտանիք ուներ, երեք երեխաների հայր էր։ Բաստիեն-Տիրին կարող էր ավելի բարձր պաշտոններ ստանալ. նախագահ դը Գոլն անձամբ նրան պարգևատրել էր Պատվավոր լեգեոնի ասպետի շքանշանով։ Այդ ժամանակ Բաստիեն-Տիրին դեռևս պաշտում էր լեգենդար գեներալին: Հետո, երր Ալժիրը անկախություն ստացավ, սպաներից շատերը ատելությամբ լցվեցին դը Գոլի հանդեպ: Հարգված նախագահը մի գիշերում դարձավ դավաճան բռնապետ: Փոխգնդապետ Բաստիեն-Տիրիի կարծիքով նախագահին սպանելը հանցագործություն չէր, այլ հայրենասիրական գործ:

Մայրուղու երկու կողմերում կանգնած ավտոմեքենաներում տեղավորվել էին առևանգիչները, որոնց խնդիրը նախագահի մեքենան խաչաձև կրակի տակ առնելն էր: Ավտոմեքենաներից մեկը, որտեղ նստած էին փորձառու հրաձիգները, պիտի հարձակվեր դիմացից:

Գեներալ դը Գոլը Փարիզից դուրս ելավ մոտավորապես ժամը ութին, այսինքն ավելի ուշ, քան ծրագրված էր: Արդեն մթնում էր։ Փոխգնդապետ Բաստիեն-Տիրին սպասում էր ավտոբուսի կանգառում, ձևացնելով, թե ուզում է մեկնել, սա­կայն իրականում անհամբերությամբ սպասում էր նախագահի շարասյան առաջապահներին: Ելիսեյան պալատից ստացված տեղեկության համաձայն՝ արդեն վաղուց այստեղ պիտի լինեին։ Երբ, վերջապես երևացին սև «Սիտրոյեն»-ները, փոխգնդապետը ծալած թերթով նշան արեց, որպեսզի ահա­բեկիչները նախապատրաստվեն։ Թեև տեսանելիությունը վատ էր, բայց հրաձիգներն իրենց տեղերում էին։ Չորս հրաձիգ միանգամից կրակ բացեցին։

Վարորդ Մարուն սլանում էր ժամում հարյուր կիլոմետր արագությամբ։ Առաջին կրակոցից հետո զգաց, որ ավտոմե­քենան ճանապարհից դուրս է փախչում։ Ահաբեկիչները ծակել էին անվադողերը։ Փորձառու վարորդին հաջողվեց ուղղել ավտոմեքենան և դատարկ դողերով սլանալ առաջ։

Նախագահի փեսան հարձակման ժամանակ անմիջապես կռացավ և նույն բանն առաջարկեց աներոջը։ Միաժամանակ վարորդին կարգադրեց ավելացնել արագությունը։ Մարուն ապացուցեց, որ իսկական վարպետ է։ Այն պահին, երբ մայրուղում հայտնվեց ահաբեկիչների երկրորդ ավտոմեքենան, որին հանձնարարված էր փակել նախագահի շարասյան ճանապարհը, սև «Սիտրոյենն» արդեն մի քանի տասնյակ մետրով առաջ էր ընկել։

Մյուս երկու ավտոմեքենաները (դավադիրները դրանք գողացել էին) փորձեցին հետապնդել զոհին։ Ահաբեկիչ Ժորժ Վատենը լուսամուտից դուրս կախվեց և սկսեց կրակել հեռացող թիրախի վրա։ Հետագայում պարզվեց, որ Վատենի արձակաձ գնդակներից տասը դիպել են դը Գոլի ավտոմեքենային: Մյուս հրաձիգները հուսախաբ էին արել: Գործողությունը ձախողվեց, թեև, Վատենի խոստովանությամբ, իրենք հարձակման բոլոր մանրամասները փորձել էին 17 անգամ, իսկ նախագահի ուղղությամբ արձակվել էր 245 փամփուշտ:

Վարորդ Մորուն, չնայած դողերի դատարկությանը, ավտոմեքենան ամբողջ արագությամբ քշեց մինչև Վիլակուբլայի օդանավակայան, որտեղ սպասում էր դը Գոլի ինքնաթիռը: Նախագահն ավտոմեքենայից իջավ, պիջակի վրայից թափ տվեց ապակու բեկորները և «Այս անգամ շատ մոտիկից կրակեցին» ասելով հանգիստ բարձրացավ ինքնաթիռ։

Թեև դավադիրները փորձեցին հասնել նախագահի ավտոմեքենային, բայց հենց հայտնվեցին մայրուղու բանուկ մասում, սև «Սիտրոյենը» կորավ տեսադաշտից։ Ստիպված շրջադարձ կատարեցին ու հեռացան։ Նախագահի թիկնապահ ջոկատի պետը պատահածի մասին հաղորդիչով անմիջապես լուր տվեց մոտակա ոստիկանական բաժանմունքին և փարիզ­յան կենտրոնին։ Այդուհանդերձ՝ ահաբեկիչներին հաջողվեց անհետանալ։ Ավելի ուշ ոստիկանները մայրուղու մոտ գտնվող սրճարանի հետևում հայտնաբերեցին նրանց ավտոմեքենաներից մեկը։ Ահաբեկիչները ավտոմեքենայում թողել էին երկու ծխառումբ, ֆոսֆորային նռնակ և երկու հրացան։ Հետախույզները, սակայն, ահաբեկիչների հետքը կորցրել էին։
Ոստիկանությանն օգնելու եկավ պատահականությունը։ Վալանս քաղաքի մոտերքում ճանապարհները հսկող ոստիկանները սովորական ստուգումների ժամանակ կանգնեցրին մի մեքենա, որի մեջ նստած էին չորս տղամարդ։ Փաստաթղթերը ստուգելիս պարզվեց, որ նրանցից մեկը անձնագիր չունի: Նա ասաց, որ իրեն կոչում են Պիեռ Մաժե։ Երիտասարդը չէր ստում։ Երբ ոստիկանները աչքի անցկացրին փնտրվող անձանց ցուցակը, պարզվեց, որ Մաժեն գրանցված է որպես դասալիք-փախստական։

Ձերբակալվածին տարան Լիոնի բանտ և սկսեցին հարցաքննել։ Նրանից շատ բան չիմացան։ Հետագայում, երբ հարցաքննողներից մեկը պատահականության բերումով հարցրեց, թե ինչ գիտե Պըտի Կլամարում նախագահի վրա կատարված հարձակման մասին, Մաժեն շփոթվեց և կարծելով, որ ամեն ինչ գիտեն, խոստովանեց։ Նույն օրը ոստիկանությունը ձերբակալեց բոլոր դավադիներին, բացի Վատենից։ Հեռատես Վատենը թաքնվել էր։

Փոխգնդապետ Բաստիեն-Տիրին բանիմաց ու կարող սպա էր։ Այդուամենայնիվ, թույլ էր տվել երկու ճակատագրական սխալ։ Հետագայում, երբ մասնագետներր վերլուծեցին ու գնահատեցին առևանգման նախապատրաստման մանրամասները, պարզվեց, թե որն է եղել տակտիկական հիմնական սխալը՝ անբարենպաստ տեղի ընտրությունը։ Մայրուղու ուղիղ ու հարթ հատվածում վարորդ Մարուն կարող էր ընթանալ ժամում հարյուր կիլոմետր արագությամբ, իսկ այդ արագությունը խիստ նվազեցրեց շարժվող թիրախի վրա հարձակվող ահաբեկիչների գործունակությունը։ Դժվար էր նաև արագընթաց մեքենային հետապնդելը, որովհետև Մարուն առաջ էր ընկել, իսկ ահաբեկիչների մեքենաները նոր պիտի թափ առնեին։ Բաստիեն-Տիրին չէր նկատել այդտեղից մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող շատ հարմար հատվածը, որտեղ մայրուղին վերանորոգվում էր։ Ճանապարհի 200 մետր երկարություն ունեցող հատվածը քանդված էր, և նախագահի մեքենան ստիպված էր ընթանալ ժամում քսան կիլոմետր արագությամբ։ Ավելին՝ ճանապարհի երկու կողմերում ահաբեկիչների համար հրաշալի թաքստոցներ կային՝ գործիքներով լի արկղեր, շինարարական մեքենայներ ու խճի շեղջեր։

Երկրորդ սխալը այն պատահականությունն է, որն այնքան հաճախ փորձության քար է դառնում հանցագործների համար։ Փոխգնդապետ Բաստիեն-Տիրին հարձակումը նախապատրաստել էր ամենայն մանրամասնությամբ, սակայն ընտրել էր ազդանշանի տեսողական տարբերակը, համոզված, որ հրաձիգներր կնկատեն շարժվող թերթը։ Նախօրոք նայել էր օրացույցին ու պարզել, որ հարձակման օրր արևը մայր է մտնելու 20:35-ին։ Ուրեմն, և՛ ազդանշանի, և՛ նշանառության համար տեսողականությունը բավարար էր լինելու: Միայն թե Բաստիեն-Տիրին նայել էր նախորգ տարվա օրացույցը, իսկ 1962 թվականի օգոստոսի 22-ին արևը մայր էր մտել քսանհինգ րոպե շուտ, այսինքն՝ հարձակման պահին՝ ժամը 20:18 րոպեին, արդեն մութ էր:

Փոխգնդապետ Բաստիեն-Տիրին, նախագահի շարասյունը նկատելով, սկսես թափահարել թերթը, բայը փողոցի մյուս կողմում՝ հրամանատարից հարյուր մետր հեռավորության վրա կանգնած կապավոր Բերնիեն մթության մեջ չնկատեց ագգանշանը և հարձակվելու հրաման տվեց լոկ այն ժամանակ, երբ դը Գոլի մեքենան անցավ նրա մոտից։ Գնդակների մեծ մասը նախագահի մեքենային դիպան հետևից։

1963 թվականի հունվարին, երբ ահաբեկիչներն արդեն կանգնել էին դատարանի առաջ, մերկացվեց մեկ ուրիշ դավադրություն ։ Ազատության մեջ գտնվող միակ ահաբեկիչը չէր հրաժարվել վրեժ լուծելու գաղափարից։ Հոգևորականի դի­մակի տակ թաքնված Ժորժ Վատենը ծրագրել էր սպանել նախագահին։ Նա պատրաստվում էր օպտիկական նշանոց ունեցող հրացանով դը Գոլի վրա կրակել Փարիզի զինվորա­կան ակադեմիայի վերին հարկից։ Ւնչ որ մի սպա նրան ապահովելու էր համազգեստով, ինչպես նաև օգնելու էր, որ­պեսզի Վատենը փետրվարի 15-ին մուտք գործի ակադեմիայի շենք, որտեղ նախագահը պիտի ելույթ ունենար ուսանող­ների առաջ։

Զինվորական ակադեմիայի անգլուհի դասախոսը նախա­պատրաստվող մահափորձի մասին հայտնել էր գործընկերոջը, իսկ վերջինս զանգել էր ոստիկանություն։ Բացի Վատենից, բոլոր դավադիրները ձերբակալվել էին։ Երդվյալ ահաբեկիչը փախավ Շվեյցարիա, իսկ երկու տարի անց տեղափոխվեց Պարագվայ։

Երբ ոստիկանությունը բացահայտեց Վատենի ծրագրած նոր դավադրությունը և երբ ներքին գործերի մինիստրն այդ մասին տեղեկացրեց նախագահին, դը Գոլի համբերության բաժակը լցվեց: Գեներալը կարգադրեց խստորեն պատժել ձերբակալված ահաբեկիչներին։ Բաստիեն-Տիրին և Ժակ Պրևոն մահվան դատապարտվեցին (հետագայում նախագահը Պրևոյին ներում շնորհեց)։ Ժերար Բյուիսինեսը դատա­պարտվեց ցմահ բանտարկության, Պիեռ Մաժեն ստացավ տասնհինգ տարի, իսկ Վարգան՝ տասը տարի։ Վատենը հեռակա կարգով նույնպես մահվան դատապարտվեց։

1963 թվականի մարտի 11-ին փոխգնդապետ Ժան-Մարի Բաստիեն-Տիրին կանգնեց պատժիչ ջոկատի առաջ։ Նախագահը մերժեց ներում շնորհելու նրա խնդրանքը։ Չէ՞ որ փոխգնդապետը դատարանում շատ վերամբարձ ելույթ էր ունեցել՝ արդարացնելով նախագահին սպանելու իր մտադրությունը։

Ժորժ Վատենը դը Գոլի երդվյալ թշնամին էր դարձել հիմնականում այն պատճառով, որ անկախ Ալժիրի տնօրենները նրան գրկել էին այնտեղի մեծ կալվածքներից (շուրջ տասը հազար հեկտար)։ 

Պարագվայ տեղափոխվելուց հետո զբաղվում էր գյուղատնտեսական մեքենաների ներմուծումով (Եվրոպայից Լատինական Ամերիկա)։ Գործերը վատ չէին։ Յոթ տարի վտարանդու կյանքով ապրելուց հետո հայրենիք վերադարձավ։ Դը Գոլը համընդհանուր ներում էր հայտարարել։ Քաղաքական մեծ գործիչ դը Գոլի մահվանից մի քանի օր առաջ Վատենը հայտարարեց․ «Հիմա արդեն կարող է չվախենալ ինձանից։ Թոշակառու գեներալն այլևս վտանգավոր չէ»։



Ինչպես հայտնի է՝ Շառլ դը Գոլը, ով արդեն թոշակի էր անցել, վախճանվեց 1970 թվականի նոյեմբերի 7-ին, ծննդյան 70-րդ տարելիցից ընդամենը տասնհինգ օր առաջ։ Մահացավ բնական մահով։ Գաղտնի բանակի կազմակերպությունը դադարեց գոյություն ունենալ:
Շառլ դը Գոլի հուղարկավորությունը

Ոչ մի նախագահի նկատմամբ այդքան մահափորձ չի կատարվել, որքան դը Գոլի։ Նրա դեմ ընդհանուր առմամբ 30 մահափորձ է կազմակերպվել․․․

Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий